“Հիլֆմանն” հոգեբանական ծառայության մասնագիտացումներից մեկը հոգետրավմայով և սթրեսով պայմանավորված խանգարումներն են, որոնց հաղթահարման համար կիրառվում է աչքերի շարժումներով դեսենսիբիլիզացիա և վերամշակում (ԱՇԴՎ) և կոգնիտիվ-վարքաբանական թերապիան։
Ծրագիրը նախատեսված է հիմնականում պատերազմական/ռազմական գործողություններով, ինչպես նաև այլ արտակարգ և տրավմատիկ իրավիճակներով պայմանավորված՝ սուր սթրեսային խանգարման և հետտրավմատիկ սթրեսային խանգարման հաղթահարման համար։
Պատերազմական և ռազմական գործողությունները արտակարգ/ ճգնաժամային պայմանների ծայրահեղ դրսևորումներից մեկն են համարվում: Կյանքի կամ առողջության վտանգի սպառնալիքը, լարված իրավիճակի մշտական փոփոխությունները, ծանրաբեռնվածությունը, զինակցի կամ մտերիմի կորուստը և տարատեսակ բազմաթիվ այլ դրսևորումներ, որոնք զուգակցվում են բավական մեծ ֆիզիկական և հոգեբանական լարվածությամբ, չեն կարող անհետևանք մնալ մարդու համար: Նման արտակարգ, ճգնաժամային իրավիճակներին հարմարվելու համար մարդու օրգանիզմում տեղի են ունենում մի շարք փոփոխություններ՝ հուզական, իմացական, վարքային, ֆիզիկական ոլորտներում: Կարևոր է նշել, որ մի շարք ախտանիշներ կարող են ի հայտ գալ ինչպես տրավմատիկ իրավիճակից ժամեր անց, այնպես էլ շաբաթներ և ամիսներ անց:
Հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (ՀՏՍԽ) «Հիվանդությունների միջազգային դասակարգման» մեջ դասվում է Սթրեսի հետ ասոցացված խանգարումների (Disorders Specifically Associated With Stress) շարքին, իսկ «Հոգեկան խանգարումների դիագնոստիկական և վիճակագրական ուղեցույց»-ում Տրավմա և սթրես[որներ]ով պայմանավորված խանգարումների (Trauma and Stressor-Related Disorders) շարքին։Հետտրավմատիկ սթրեսային խանգարումն (այսուհետ՝ ՀՏՍԽ) առաջանում է, որպես մնացորդային կամ երկարաձգված հակազդում՝ տրավմատիկ, սթրեսային իրադարձությանը կամ իրավիճակին։
ՀՏՍԽ կարող է զարգանալ պատերազմական և ահաբեկչական գործողությունների մասնակից և ականատես, աղետներից տուժած, դժբախտ պատահարների մասնակից կամ ականատես, ֆիզիկական և/կամ սեռական բռնության ենթարկված անձանց մոտ։
ՀՏՍԽ բնորոշ առանձնահատկություններից են տրավմայի շարունակական վերապրումը՝ կպչուն հիշողությունների, մղձավանջների տեսքով, հարազատներից և ազգականներից օտարացվածությունը, անհեդոնիան։
Սովորաբար, ՀՏՍԽ-ով անձը վախենում և խուսափում է այն ամենից, ինչը կարող է հիշեցնել իրեն տրավմատիկ իրադարձության կամ իրավիճակի մասին։ Երբեմն կարող է ունենալ վախի կամ խուճապի գրոհներ և ագրեսիայի պոռթկումներ։
Նշված ախտանշանների հետ մեկտեղ, դրսևորվում են նաև տագնապ և դեպրեսիա, ինքնավնասման և ինքնասպանության մտքեր, ալկոհոլի և թմրանյութերի չարաշահում։
ՀՏՍԽ Հիմնական ախտանշանները
- Կրկնվող, ոչ կամածին և կպչուն սթրեսածին հիշողություններ՝ տրավմատիկ իրադարձությունների մասին, որոնք պատահել են անձի հետ կամ որոնց ականատես է եղել անձը։
- Կրկնվող սթրեսածին երազատեսություններ՝ անցյալում տեղի ունեցած տրավմատիկ իրադարձությունների մասին։
- Դիսոցիատիվ հակազդումներ (օրինակ՝ հանկարծակի առաջացող մտապատկերներ), որոնց ժամանակ անձն այնպես է իրեն զգում և պահում, կարծես տրավմատիկ իրադարձությունը կրկնվում է։
- Ինտենսիվ կամ երկարատև հոգեբանական դիսթրես՝ տրավմատիկ իրադարձությունը հիշեցնող կամ մարմնավորող իրերի կամ իրավիճակների հետ առնչվելիս։
- Ակնհայտ ֆիզիոլոգիական հակազդումներ՝ տրավմատիկ իրադարձությունը հիշեցնող կամ մարմնավորող իրերի կամ իրավիճակների հետ առնչվելիս։
- Կայուն խուսափում՝ տրավմատիկ իրադարձությունների մասին հիշեցնող ազդակներից։
- Ճանաչողական գործառույթների և տրամադրության բացասական փոփոխություններ, որոնք դրսևորվում են՝ տրավմատիկ իրադարձության կարևոր ասպեկտները վերհիշելու անկարողությամբ; սեփական անձի կամ այլոց, աշխարհի վերաբերյալ կայուն և չափազանցված գնահատականների առկայությամբ (օրինակ՝ «ես վատն եմ», «ոչ ոքի չարժէ վստահել», «այս աշխարհը շատ վտանգավոր վայր է»); տրավմատիկ իրադարձության պատճառների և հետևանքների վերաբերյալ կայուն, աղճատված պատկերացումների առկայությամբ; կայուն բացասական հուզական վիճակի առկայությամբ (օրինակ՝ վախ, սարսափ, մեղավորության զգացում, զայրույթ, ամոթ); մարդկանցից օտարացման զգացողություն; դրական հույզեր ապրելու անկարողություն։
- Գրգռվածություն և նյարդայնություն։
- Քնի խանգարումներ։
- Գերզգոնություն։
- Ապակառուցողական վերաբերմունք սեփական անձի նկատմամամբ։
- Կենտրոնացման խնդիրներ։
- Դեպերսոնալիզացիա կամ դերեալիզացիա։
Գրականություն թեմայի վերաբերյալ
- Բեգոյան Ա.Ն. Տագնապամարիչ. տագնապային խանգարումների հաղթահարման ուղեցույց / Ա.Ն. Բեգոյան. – Եր.: Հիլֆմանն Պրեսս, 2020. – 368 էջ
- Begoyan, A.N. (2018). #Bye_Bye_Anxiety. Hilfmann Press, Yerevan.
- Бегоян А.Н. Когнитивное конструирование реальности. Изд-е 2-е., доп. и переработ. / А.Н.Бегоян. – Ер.: Хильфманн Пресс, 2017 – 64 с.
- Бегоян А.Н. Нейробиологические механизмы когнитивно-концептуальной терапии психотравмы // «ЛОМОНОСОВ-2015» — М.: МАКС Пресс, 2015.
- Begoyan, A.N. An Anatomy of Psycho-trauma: Pain, Illness and Recovery. International Journal of Psychotherapy: 2014, Vol. 18, No. 3, pp. 41-51.
Ծառայությունների գնացուցակին ծանոթանալ և վճարել վերջիններիս համար առցանց կարող եք այստեղ։
Մասնագետի հետ հանդիպմանը գրանցվել կարող եք այստեղ: